«Սբ. Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցասեր երիտասարդաց միություն

«Սբ. Աստվածածին Յոթ Վերք» երիտասարդաց միությունը գործում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմի հովանու ներքո եւ մի հարկի տակ է համախմբել Գյումրու Քրիստոնյա երիտասարդների, որոնց միացնում է մեկ ընդհանուր հավատը եւ Եկեղեցին: Երիտասարդական միությունն իր գործունեությամբ և բոլոր հնարավոր միջոցներով սատարում է Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությանն ու նշանակությանը, իրականացնելով հոգևոր, ազգային և մշակութային գործունեություն: Կազմակերպում է ազգային և եկեղեցական տոների համաքաղաքային նշումներ, փառատոններ, զրույց-քննարկումներ, կրթական ծրագրեր, կամավորական աշխատանքներ, անբարեկարգ եկեղեցիների և մշակութային հուշարձանների բարեկարգման աշխատանքներ: Իրականացված «Զրույցներ» ծրագրի շրջանակներում երիտասարդների համար կազմակերպվել էր 45 միջոցառում ( զրույց-թեյախմություն, հոգևոր դաս, ագապե, խոկում և հանդիպումներ Շիրակի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև` ուխտագանցություններ դեպի Հայաստանի տարբեր ուխտավայրեր): Երիտասարդաց միությունը վերջին երեք տարիների ընթացքում իր շարքերը համալրել է նորանոր խելացի եւ բանիմաց Քրիստոնյա երիտասարդներով: Միության իրականացրած միջոցառումները բազմազան են՝ սկսած հոգեւոր դասերի շարքից, մինչեւ ուխտագնացությունների կազմակերպում եւ մարզի խոնարհված եկեղեցիների բարեկարգում` «Հույս, Հավատ, Սեր» ծրագրի շրջանակներում: Կազմակերպված խոշոր ուխտագնացություննների շարքում առանձնանում են դեպի Տաթեւավանք, Գնդեվանք, Նորավանք, Մակարավանք, Մաթոսավանք, Ջուխտակ վանքեր, Սաղմասավանք կատարված ուխտագնացությունները: Միությունն իր վրա է վերցրել նաեւ նոր անդամների մկրտության կարեւոր հարցը, քանզի լինում են դեպքեր, երբ նոր անդամներն ինչ – ինչ պատճառներով մկրտված չեն լինում: Ամենշաբաթյա բնույթ կրող կիրակնօրյա հոգեւոր դասերն էլ իրենց հերթին տալիս են ցանկալի արդյունքներ. երիտասարդները համալրում են Քրիստոնյաների շարքերը, իսկ հոգեւոր գիտելիքների պակաս ունեցողները ստանում են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

հետևեք մեր ֆեյսբուքյան էջին