Սոցիալ-կրթական կենտրոն

         …ձևավորել համամարդկային արժեքների համակարգ, որտեղ տիրում է հանդուրժողականության և փոխհամագործակցության ոգին:

2005 թվականից Շիրակի թեմում իր բազմաբնույթ գործունեությունն է իրականացնում Սոցիալ-կրթական կենտրոնը՝ նպաստելով   Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի բնակչության սոցիալական, տնտեսական և մշակութային պայմանների բարելավմանը: Կենտրոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը,  տասնամյակ շարունակ ծավալում է կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն՝ խթանելով հասարակության տարբեր խավերի զարգացումը:

Սոցիալ–կրթական կենտրոնը հիմնադրվել է  Շիրակի թեմի եւ ԵՀԽ միջեկեղեցական Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ  2005 թ.:

Կենտրոնը գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կրթական, սոցիալական և երիտասարդական: Կրթական ծրագրերի իրականացման հիմնասկզբունք է ընդունված այն դրույթը, որ դրանք կարող են նպաստել ոչ միայն գիտելիքների կամ մասնագիտական կարողությունների ավելացմանը, այլ նաև անհատի բարոյական կերպարի կայացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, հետաքրքրություն առաջացնեն համաշխարհային և տեղական մակարդակներում տեղի ունեցող գործընթացներին: Կենտրոնում տասնամյակից ավել գործել են պարի, նկարչության խմբակներ, իրականացվել է համակարգչային գիտելիքների և լեզուների ուսուցում: Այսօր կրթական ծրագրերն ուղղված են առավելապես մեծահասակների կրթությանը և ցկյանս ուսումնառությանը. իրականացվում են բազմաթիվ դասընթացներ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս վերապատրաստվել կամ ստացած նոր գիտելիքների և հմտությունների շնորհիվ գտնել աշխատանք:

Գործում է համակարգչային կենտրոնն իր ուսուցումներով, մրցույթներով և այլ ծրագրերով: Պարբերաբար համերգներով է հանդես գալիս կիթառի ստուդիան, որի սաներն ամեն անգամ հանդիսատեսին հիացնում են նոր ծրագրով և անակնկալ ելույթներով: Գործում է գրադարան՝ իր անընդհատ թարմացվող հարուստ ֆոնդով, էլեկտրոնային ծառայություններով, մշակութային միջոցառումներով, հարմարավետ և հյուրընկալ ընթերցասրահով:

Կենտրոնում գործում են «Հեքիաթ» և «Ամենագետիկ» նախակրթարանները, որոնաց սաները ստանում են համակողմանի կրթություն և լիարժեք հոգածություն:  Երեխաների համար կազմակերպվում են բազմաբնույթ ուսուցումներ՝ մայրենի լեզու, թվաբանություն, անգլերեն, հոգևոր դաս, քաղաքավարության այբուբեն, ձեռքի աշխատանք, մարմնամարզություն: Երեխաների առօրյան հագեցած է մուլտֆիլմի և հեքիաթի ժամերով, բակային և դերային խաղերով:

Կենտրոնի սոցիալական ուղղությունը, առաջնորդվելով «…բայց ես ձեր մեջ եմ՝ իբրև սպասավոր» /Ղուկաս 22:27/ ավետարանական ուղերձով, իրականացնում է սոցիալական դիակոնիայի մեծածավալ աշխատանք՝ նպաստելով սոցիալապես անապահով ընտանիքների և խոցելի խմբերի նյութական, սոցիալական և հոգեբանական կարիքների բավարարմանը: Ստեղծվել է կայուն համագործակցության ցանց հայկական և օտարերկրյա մարդասիրական կազմակերպությունների հետ, որոնց հետ համատեղ բազմաթիվ անապահով ընտանիքներ ստանում են նյութական աջակցություն: Կենտրոնի շահառուները ստանում են հոգեբանական և սոցիալական անվճար խորհրդատվություն: Կենտրոնի սոցիալական աշխատողներն իրենց խոսքով, գործով և պարզապես մխիթարող ներկայությամբ կարիքավորների կողքին են. կատարվում են տունայցեր, հետազոտություններ և կարիքի գնահատում:

Սոցիալ-կրթական կենտրոնում ամենուր թևածում է երիտասարդների կենսախինդ շունչը. կենտրոնը տարածք է և միջավայր՝ երիտասարդական նախաձեռնությունների, միջոցառումների, ծրագրերի համար: Երիտասարդական ուղղության նպատակը երիտասարդների հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությանը նպաստելն է, ինչն իրականացվում է հոգևոր ուսուցումների, բարեգործական ակցիաների և ժամանցային ծրագրերի միջոցով: «Հույս, հավատ, սեր» գաղափարն այստեղ և՛ գործելու հիմնադրույթ է, և՛ ավանդույթ դարձած ծրագիր, որի արդյունքում տասնյակ երիտասարդներ իրենց հոգատար և սրտացավ մասնակցությամբ, աղոթքը գործ դարձրած՝ մաքրել են մարզի բազմաթիվ խոնարհված եկեղեցիներ: Այդ եկեղեցիների մեծամասնությունն այսօր ծառայում է Շիրակի թեմի հավատավոր հոտին՝  ամենօրյա կենարար զանգերով կոչելով ծառայել Աստծուն:

Այս նույն հոգատարությունն ու սրտացավությունն էր ընկած այն գործի հիմքում, որի շնորհիվ Շիրակի թեմի մի խումբ ջատագովներ իրենց Սրբազանի առաջնորդությամբ աղբակույտ դարձած շինությունը վերածեցին Սոցիալ-կրթական կենտրոնի՝ վայր, որտեղ բոլոր այցելուները սպասված են, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր բաժին գթասրտությունը՝ իրեն զգալով հասարակության լիարժեք անդամ, դառնալով ինքնավստահ իր ուժերի և գիտելիքների նկատմամբ: Այստեղ աշխատում են՝ «փոքր քայլերով դեպի մեծ առաջընթաց» սկզբունքով՝ հանուն մարդկային բարօրության, համընդհանուր բարեկեցության և քրիստոնեական բարոյականության:

Առաջիկայում էլ կենտրոնը շարունակելու է գործել իր հնարավորությունների ողջ ծավալով՝ նպաստելով շահառուների հոգևոր, կրթական, մշակութային, սոցիալական և հոգեբանական պահանջմունքների բավարարմանը:

Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին