ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

ՙԶԳՈՐԾՍ ՁԵՌԱՑ ՄԵՐՈՑ ՈՒՂԻՂ ԱՐԱ Ի ՄԵԶ, ՏԷՐ ԵՒ ԶԳՈՐԾՍ ՁԵՌԱՑ ՄԵՐՈՑ ՅԱՋՈՂԵԱ ՄԵԶ՚   (ՇԻՐԱԿԻ ԹԵՄՆ ԱՅՍՕՐ)   Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի սրբատառ կոնդակով 1920 թ. սեպտեմբերի 4-ին` Հայաստանի առաջին հանրապետության օրոք: Նորաստեղծ թեմն ընգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի և Արագածի շրջանները: Նույն թվականի նոյեմբերի 5-ին  Գևորգ Ե Վեհափառ Հայրապետը իբրև Ալեքսանդրապոլի փոխանորդ պաշտոնավարած Տ. Արտակ վրդ. Սմբատյանին հաստատեց  Շիրակի թեմի առաջին առաջնորդ: Դժբախտաբար, Շիրակի թեմին վիճակված չէր կայանալ, քանի որ քիչ անց հաստատված խորհրդային կարգերի բացահայտ եկեղեցահալած քաղաքականությունը ոչ միայն հնարավորություն չտվեց  զարգանալու, այլև իսպառ բնաջնջեց գոյություն ունեցող բոլոր եկեղեցական կառույցները: Հաջորդաբար թեմի առաջնորդությունը վարած Արտակ եպս. Սմբատյանը, Աշոտ եպս. Շախյանը և Իսահակ եպս. Տեր Միքայելյանը ականատես եղան իրենց վստահված թեմի քայքայմանը, քահանայից դասի բնաջնջմանը, և իրենք ևս զոհ գնացին այդ նույն քաղաքականությանը: 1938թ. Շիրակի թեմում բաց էր մնացել միմիայն առաջնորդանիստ Ս. Յոթվերք  եկեղեցին, որն էլ առաջնորդ չուներ, այլ սպասարկվում էր մի քանի ծերունի  քահանաների կողմից: 1945 թվականին, Գևորգ Զ Չյորեքճյան  կաթողիկոսի  գահակալությունից հետո, Շիրակի թեմը դանդաղ քայլերով փորձեց ոտքի կանգնել: 20 տարվա ընդմիջումից հետո թեմը վերջապես ունեցավ իր եպիսկոպոս առաջնորդը ի դեմս Սուրեն եպս. Թորոսյանի, սակայն վերջինս երկար չկարողացավ պաշտոնավարել, և թեմի ղեկավարությունը շարունակեցին  առաջնորդական տեղապահները: Վազգեն Ա Վեհափառի օրոք վերաբացվեցին Վանաձորի և Ստեփանավանի եկեղեցիները, որով գործող եկեղեցիների թիվը հասավ 3-ի: Այս շրջանում թեմի առաջնորդներ եղան Մաշտոց եպս. Թաջիրյանը և Նարեկ եպս. Շաքարյանը, ովքեր արեցին առավելագույնը` ընձեռնված նվազագույն հնարավորությունների ահմաններում: 1988 թվականի դեկտեմբերյան աղետը հողին հավասարեցրեց Շիրակի թեմում պահպանված եկեղեցական շինությունների մեծ մասը: Խորհրդային կայսրության փլուզումն ու ազգային պետականության վերականգնումը թեև վերացրեցին բոլոր սահմանափակումներն ու արգելքները, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս արք. Բունիաթյանին  վիճակված էր հաղթահարել  երկրաշարժի հասցրած ավերն ու դրան անմիջապես հաջորդած տնտեսական ճգնաժամը: 1990 թվականին Շիրակի թեմից անջատվեցին Տավուշի մարզն ու Լոռու մարզի մի հատվածը, իսկ 1996-ից Շիրակի թեմը պարփակվեց լոկ մարզի տարածքում: Այս տարիներին կառուցվեց Գյումրու Ս. Հռիփսիմե մատուռը, վերանորոգվեցին  և վերաբացվեցին Սառնաղբյուրի Ս. Թադեոս և Ազատանի Ս. Հարություն եկեղեցիները, ինչպես նաև Հառիճավանքը: 1992 թվականից սկսեց գործել Շիրակի դպրանոցը: 1999 թվականին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունից անմիջապես հետո, առաջնորդական տեղապահ նշանակեց Միքայել ծ. վրդ. Աջապահյանը, ով 2001 թվականին ձեռնադրվեց  եպիսկոպոս  և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ: Նորանշանակ առաջնորդը թեմն ընդունեց ընդամենը  5 քահանայով  (որոնցից մեկը շուտով հանգստյան կոչվեց), հինգ գործող եկեղեցիներով  (որոնցից միայն առաջնորդանիստ եկեղեցում էր մնայուն կերպով ս. պատարագ մատուցվում), գոյության յոթ տարիների ընթացքում ոչ մի շրջանավարտ չտված և ընդամենը չորս շիրակցի ուսանող ունեցող դպրանոցով: Չկային առաջնորդարան, գրասենյակ, քարտուղարություն, չկային կապի միջոցներ, թեմը չուներ նույնիսկ մեկ համակարգիչ: Առաջնորդի առաջին գործերից մեկը եղավ գրասենյակային պայմաններ ստեղծելը, առաջնորդարան հաստատելը: Հայթայթված միջոցներով անմիջապես գործածելի վիճակի բերվեց նախապես Գրիգորիս սրբազանի կողմից ձեռք բերված նախկին գրադարանի շենքը, որը ապահովվեց կապի միջոցներով, համակարգչային գույքով, կահավորվեցին առաջնորդի ընդունարանն ու աշխատասենյակը, քարտուղարությունը, ստեղծվեցին ֆինանսական, տնտեսական, սոցիալական և մշակութային բաժինները:

Սոցիալական և մշակութային բաժինները, զարգանալու և ընդարձակվելով, վերածվեցին Սոցիալ-կրթական կենտրոնի, ինչի համար հիմնովին  նորոգվեց և կահավորվեց աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը: Այսօր Գյումրիում գործող Սոցիալ-կրթական կենտրոնն իր տեսակի մեջ միակն է  Հայաստանում, որն իր մասնաճյուղն ունի նաև Ամասիայում: Վերակառուցման ընթացքի մեջ է Հայորդյաց տունը, որը մեծագույն նվեր է լինելու քաղաքի մանուկներին: Եղնաջուր գյուղում հիմնվեց ՙ Վերադարձ դեպի բնություն ՚ մանկական ճամբարը, ուր ամեն տարի հանգստանում են ավելի քան 150 մանուկներ: Առաջնորդ հաստատվելու առաջին իսկ ամսից տպագրվել է ՙՍբ. Յոթվերք՚ ամսաթերթը, որ անխափան շարունակվում է մինչև օրս` մեծացնելով իր էջաքանակը և թեմատիկ ընդգրկումը: Դարձյալ առաջին իսկ օրերից ՙՑայգ՚ հեռուստաընկերության եթերով կանոնավոր կերպով հեռարձակվում է ՙԵղիցի լույս՚ հաղորդաշարը, որտեղ առաջնորդն ուղիղ եթերով զրուցում է իր հոտի հետ: Դպրանոցի գործունեությունը դրվեց նոր հիմքերի վրա և կարճ ժամանակահատվածում այն համալրվեց ավելի քան 30 շիրակցի ուսանողներով, որոնցից 10-ն արդեն իբրև քահանա ծառայում են Շիրակի և այլ թեմերում: Հառիճավանքի համալիրում ընթացող նորոգության ավարտից հետո Շիրակի դպրանոցը, որ ժամանակավորապես տեղափոխվել է Սևանի դպրանոց, վերահաստատվելու է այստեղ: Հաճախակի են դարձել առաջնորդի այցելությունները գյուղական համայնքներ: Այսօր չկա մի համայնք, ուր առաջնորդ սրբազանը կամ քահանա հայրերը բազմիցս եղած չլինեն, իսկ թեմի 105 համայնքներում առաջնորդ սրբազանը նաև սուրբ  պատարագ է մատուցել և իր պատգամը հղել հավատացելոց: Եկեղեցաշինությունն աննախադեպ թափ ստացավ, թեև սրբազանն ինքը երբեք չի բավարարվում եղածով և համարում է, որ դեռ շատ քիչ բան է արված: Այս 10 տարիների ընթացքում կառուցվել են Գյումրու Ս. Հակոբ հոյակերտ եկեղեցին (Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Սարգիս Հակոբյանի բարերարությամբ), Սպանդարյանի Ս. Ամենափրկիչ (բարերար` Ա. Սանոյան), Լեռնակերտի Ս. Վարդանանց (բարերար` Գ. Հովհաննիսյան), Ղարիբջանյանի Ս. Հոգի (բարերար` Ս. Տոնոյան), Գյումրու Ս. Սարգիս (բարերար` Ա. Սարգսյան), Հայկավանի Ս. Խաչ (բարերարներ` Ա. և Ս. Խաչատրյաններ), Եղնաջուրի Ս. Սարգիս և Կաքավասարի Ս. Նարեկ եկեղեցիներն ու մատուռները: Վերակառուցումից կամ վերանորոգությունից հետո վերաբացվել են Գյումրու Ս. Նշան (բարերար` Վ. Ղուկասյան), Աշոցքի Ս. Ղևոնդյանց (բարերար` Տ. Գառնիկ քհն. Հալաճյան), Փոքրաշենի Ս. Աստվածածին, Մայիսյանի Տիրանավոր Ս. Աստվածածին, Ախուրյանի Ս. Աստվածածին (բարերար` Ս. Բալասանյան), Արևշատի Ս. Աստվածածին (գյուղապետ Վ. Ալեքսանյանի ջանքերով), Մեծ Մանթաշի Ս. Աստվածածին (բարերարներ` Ավագյան եղբայրներ), Փոքր Մանթաշի Ս. Մատթեոս (բարերար` Ժ. Մաթոսյան), Լեռնակերտի Ս. Հովհաննես (բարերար` Գ. Խաչատուրյան) եկեղեցիները, Մարմաշենի վանքը: Վերակառուցման ընթացքի մեջ են Սարակապի, Գեղանիստի, Հայրենյացի, Բարձրաշենի, Հովիտի, Թորոսի եկեղեցիները, ինչպես նաև Գյումրու հռչակավոր Ս. Ամենափրկիչ եկեղեցին: Ոսկեհասկ գյուղում կառուցվում է նոր եկեղեցի: Ամբողջովին ամրացվել, վերանորոգվել է առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցին, դարձել պայծառ ու վեհատեսք: Աղբից ու հողից մաքրվել է ավելի քան 30 եկեղեցի: Այժմ գործող եկեղեցիների թիվն անցնում է 30-ից, իսկ ամեն կիրակի ս. պատարագ է մատուցվում թեմի 15 եկեղեցիներում: Այսօր թեմը 4 քահանայի փոխարեն ունի 19 քահանա, 4 սարկավագ, կիսասարկավագներ, դպրաց դասեր, 100-ից ավելի ծառայողներ և աշխատակիցներ: Միայն Գյումրիում պաշտոնավարում են 8 քահանա հայրեր (նախկին 3-ի փոխարեն), ովքեր ծառայում են լիարժեք gործող  4  եկեղեցիներում: Արթիկի տարածաշրջանում պաշտոնավարում են 4 քահանա հայրեր (նախկին մեկի փոխարեն): Իսկ նախապես ոչ մի քահանա չունեցող Ախուրյանի, Անիի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում համապատասխանաբար ծառայության են կոչվել երեք, երկու և մեկական հոգևոր հովիվներ: Ոչ մի գյուղ հովվական ուշադրությունից չի վրիպել, և ամեն մի գյուղ ունի գեթ իր այցելու հոգևոր հովիվը, ով պարբերաբար այցելում  և իր հովվական խոսքն է հասցնում ժողովրդին: Վերջին տաս տարիների  առաջընթացը զգալի է բոլոր ասպարեզներում: Նախապես անաստվածության կամ աղանդավորական հոսանքների ազդեցության տակ ընկած հայրոդիները վերադառնում են իրենց պապերի հավատքին, եկեղեցու հեղինակությունն օրավուր բարձրանում է, իսկ հոգևորականները վայելում են ժողովրդի վստահությունն ու հարգանքը: Այնուամենայնիվ, առաջնորդ սրբազանը չի բավարարվում եղածով և համարում է, որ արվածը դեռևս շատ փոքր է անելիքի համեմատությամբ: