Հայորդաց Տուն

Գյումրիի Հայորդյաց տունը  գորրծում էր դեռևս 2014 թվականի սեպտեմբեր ամսից, սակայն պաշտոնապես բացվեց 2014 թվականի դեկտեմբերի 4-ին:

Դեռևս 1993 թվականին, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով, Հայաստանում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից մի քանիսը վերցվեց Եկեղեցու հովանու ներքո` այդպիսով հիմք դնելով մի կառույցի, որն այսօր ծանոթ է որպես «Հայորդյաց տուն»: Ծրագիրն իրագործվեց մի շարք անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ ևս: Ներկայումս Հայորդյաց տներից 4-ը գործում են Երևանում, 3-ը` մարզերում` Էջմիածնում, Վանաձորում և Աշտարակում: Մոտ ապագայում  Հայորդյաց տներ են հիմնվելու նաև  Ապարանում և հանրապետության այլ մարզերում: Հայորդյաց տներ հաճախող սաների թիվը մեծ է: Մոտ 3500 երեխա հիմնավոր կրթություն է ստանում տարբեր ոլորտներում: Դասավանդման ներկայիս համակարգը և տեխնիկական հագեցվածությունը սաներին թույլ է տալիս լիարժեքորեն տիրապետել ուսուցանվող առարկաներին:  Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հայորդյաց տուն հաճախող յուրաքանչյուր սան պարտադիր ստանում է հոգևոր կրթություն: Կառույցները փոխհամագործակցության մեջ են ինչպես սկաուտական կազմակերպության կամավորների, այնպես էլ Արգենտինայի, ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան թեմերի պատանեկան ու երիտասարդական հաստատությունների հետ: Այսօր արդեն նորաբաց Հայորդյաց տունը դարձել է Գյումրիում գործող ակտիվ կառույց՝ իր խմբակներով, ուսուցումներով և ծրագրերով:

Հայորդյաց տան առաքելությունն է մանուկների, դեռահասների և երիտասարդների գեղագիտական և ֆիզիկական դաստիարակությունը՝ հոգևոր հենքի վրա: Գյումրիի Հայորդյաց տան բացմանն իրենց անմիջական աջակցությունն են բերել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ն և գերմանահայ բարերար Սանդրա Լայթները: Հայորդյաց տանը գործում են թատերական, նկարչության, բատիկայի /կտորի գեղարվեստական ձևավորում/, քանդակի, կարատեի, կարուձևի, համակարգչային դասարաններ, գործում է նախակրթարան, որը բոլորովին նոր է հայորդյաց տների համակարգում: Գործում են ժամանակակից, դասական և ժողովրդական պարի դասարաններ, ինչպես նաև՝ երգչախումբ: Բոլոր դասասենյակներն ունեն համապատասխան կահավորանք: Խմբակներին և ուսուցումներին մասնակցում են 5-25 տարեկաննները, կան նաև նախասիրական խմբեր:

Բազմազան են հեռանկարային ծրագրերը, որոնց նպատակը երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը և ուղղորդումն է: Առաջիկայում լուսանկարչական և խեցեգործական դասարանների բացումն է:

Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին