Տեր ԳԵՎՈՐԳ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
(թեմի առաջնորդական փոխանորդ՝ 1878-1881թթ.)
Ծնվել է 1847թ. Թիֆլիսում: Սովորել է տեղի դասական գիմնազիայում:
1872-ին ձեռնադրվել է վարդապետ, 1874-ին նշանակվել Գեւորգյան ճեմարանի ուսուցիչ: 1875-ին եղել է Արցախի թեմի առաջնորդը եւ դպրոցների տեսուչը: 1877-ին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալ վանքի վանահայրությունը:
1878-ին նշանակվել է առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում: Ռուս- թուրքական պատերազմի վերջին տարին էր, որն սկսվել էր հաջողությամբ: Ալեքսանդրապոլում էր կենտրոնացված Լոռիս- Մելիքովի ղեկավարած կորպուսի հիմնական ուժը, որին էր հրամայված Կարսի գրավումը: Այստեղ ձեւավորվեց կամավորական 8 միավորումներից ամենախոշորը, զգալի գործ կատարվեց պարենի հայթայթման համար: Այս ամենում մեծ դերակատարում ունեցավ Տ. Գեւորգ քհն. Սուրենյանցը: Պաշտոնավարման երեք տարվա ընթացքում նա կարողացավ իր բարձրության վրա մնալ եւ թուրքերի դեմ տարած հաղթանակի ոգեւորության օրերին, եւ հետագայում՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ սկսված ճնշումների ժամանակ: Ուստի, 1881-ին նշանակվեց Երևանի փոխթեմակալ, 1882-ին ձեռնադրվեց եպիսկոպոս:
Այնուհետեւ ղեկավարել է Աստրախանի, ապա Վրաստանի թեմը:
1907-ից եղավ կաթողիկոսական տեղապահը, իսկ 1911-ին ընտրվեց Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս:
1912-իննրա նախաձեռնությամբ կազմվեց Հայ ազգային պատվիրակությունը, որի վրա դրվեց Հայ դատը եվրոպական կառավարությունների առջեւ պաշտպանելու առաքելությունը: 1914-ի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով եւ նրա անմիջական նախագահությամբ ստեղծվեց եղբայրական օգնության կոմիտեն, որը բաժանմունքներ ուներ Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում եւ այլուր եւ զբաղվում էր վիրավոր կամավորներին եւ փախստականներին օգնելով:
Նա 1918-ի մայիսին զգալի դեր խաղաց թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում: Սարդարապատի ճակատամարտի ծանր օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ կաթողիկոսությունը չտեղափոխվեցին ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերեցին ռազմաճակատի առաջին գծում։
1920թ. օգոստոսի 31-ին Գևորգ Ե Սուրենյանցը Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացրեց Երևանից եւ ստեղծեց Շիրակի թեմ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Գևորգ Ե Սուրենյանցը կոնդակներով համայն հայությանը կոչ արեց նեցուկ լինել նոր կառավարությանը:
Վախճանվեց 1930-ի մայիսի 8-ին Էջմիածնում: Ամփոփված է Մայր տաճարի բակում: